Հոդված 47. Քաղաքացիների` խաղային գործունեության շրջանակում կազմակերպվող խաղերին մասնակցության սահմանափակումների ընդհանուր կանոնները

 

1. Արգելվում է այն քաղաքացիների մասնակցությունը սույն օրենքով նախատեսված խաղային գործունեության շրջանակում կազմակերպվող խաղերին, որոնք`
  1) օգտվել են պետական բյուջեի կողմից ֆինանսավորվող` արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքներով պայմանավորված` Կառավարության սահմանած աջակցության որևէ ծրագրից, և աջակցության տրամադրման իրավական ակտով սահմանված է խաղերին մասնակցության սահմանափակում.
  2) օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառված են ընտանիքների սոցիալական գնահատման համակարգում և ընտանիքի անապահովության հիմքով իրականացվող ծրագրի շահառու, ինչպես նաև պետական սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող անձինք են.
  3) ճանաչվել են սնանկ կամ ունեն պետական բյուջեի նկատմամբ չմարված (չներված) պարտավորություններ.
  4) հաշվառված են կախվածությունների բուժման ազգային կենտրոնում:

2. Սույն հոդվածի 1-ին մասի արգելքներից բացի, արգելվում է նաև`
  1) քսանմեկ տարին չլրացած քաղաքացիների մասնակցությունը շահումով խաղերին և ինտերնետ շահումով խաղերին և բուքմեյքերական գործունեությանը.

  2) տասնութ տարին չլրացած քաղաքացիների մասնակցությունը վիճակախաղերին.
  3) սույն օրենքի 48-րդ և 49-րդ հոդվածներում նշված անձանց մասնակցությունը խաղերին.
  4) օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձանց նկատմամբ սույն հոդվածով սահմանված սահմանափակումները կիրառելի չեն, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված սահմանափակումների:

4. Օպերատորն ապահովում է սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված խաղերին մասնակցությունն արգելված քաղաքացիներին համապատասխան տեղեկատվական համակարգերում նույնականացման արդյունքով քաղաքացու մասնակցությունը խաղին արգելված լինելու հանգամանքի պարզման հնարավորության ստեղծումը:

5. Սույն հոդվածով նախատեսված տեղեկատվությունը Կառավարության սահմանած կարգով համապատասխան լիազոր մարմնի կողմից վեբկայքի միջոցով տրամադրվում է օպերատորին, բացառությամբ այն անձանց վերաբերող տեղեկատվության, որն օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն: Սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված սահմանափակման կիրառման նպատակով այն անձանց նույնականացումը, որոնց վերաբերյալ տեղեկատվությունն օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն, իրականացվում է խաղացողների կողմից խաղային հաշիվների համալրումը սույն օրենքով սահմանված կարգով անկանխիկ եղանակով իրականացնելու ժամանակ` Լիազոր մարմնի և Կենտրոնական բանկի համատեղ իրավական ակտով սահմանված կարգով:

6. Խաղացողի կողմից խաղի մասնակցության համար օգտագործվող համապատասխան համացանցային հաղորդակարգի (IP) հասցեի պարբերաբար փոփոխությունը կարող է համարվել ռիսկային և հիմք հանդիսանալ խաղացողի նկատմամբ սույն մասով նախատեսված սահմանափակումները կիրառելու համար: Սույն մասով նախատեսված ռիսկային համարվելու չափանիշները և սահմանափակումների կիրառման կարգը սահմանում է Կառավարությունը:

 

Հոդված 48. Խաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դնելու հիմքով սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացու մասնակցության սահմանափակման կարգը

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ գլխով սահմանված կարգով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դրած քաղաքացու գործունակությունը սահմանափակվելու դեպքում քաղաքացու բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինը վճիռն ստանալուց հետո` մեկօրյա ժամկետում, վճռի պատճենն ուղարկում է Լիազոր մարմին:

2. Լիազոր մարմինը վճիռն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, վճռի մասին տեղեկացնում է օպերատորին` ուղարկելով վճռի էլեկտրոնային կամ պատճենահանված օրինակը` օրինական ուժի մեջ մտած վճռով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դնելու հիմքով սահմանափակ գործունակ ճանաչված անձի մուտքը խաղասրահներ, ինչպես նաև գրանցումն ինտերնետ շահումով խաղի կամ բուքմեյքերային գործունեության կազմակերպման համար նախատեսված ինտերնետային կայքում սահմանափակման կիրառումն ապահովելու, իսկ գրանցված լինելու դեպքում` ինտերնետ շահումով խաղի կամ բուքմեյքերային գործունեությանը մասնակցելու հնարավորության սահմանափակումն ապահովելու նպատակով:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանի կողմից քաղաքացու գործունակության սահմանափակումը վերացվելու դեպքում քաղաքացու բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից դատարանի վճռի պատճենն ուղարկվում է Լիազոր մարմին` սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգով:

4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքով խաղային գործունեության շրջանակում կազմակերպվող խաղերին մասնակցության սահմանափակում ունեցող անձանց կողմից խաղերին մասնակցության շրջանակում կնքված գործարքները շահագրգիռ անձանց պահանջով դատարանը կարող է անվավեր ճանաչել:

5. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքով խաղային գործունեության շրջանակում կազմակերպվող խաղերին մասնակցության սահմանափակում ունեցող անձանց վերաբերյալ տվյալների բազայի վարման կարգը սահմանում է Լիազոր մարմինը:

 

Հոդված 49. Քաղաքացու կողմից իր մասնակցության սահմանափակման կարգը

 

1. Օպերատորին ներկայացվող դիմումով քաղաքացին կարող է պահանջել արգելելու իր մասնակցությունը խաղերին` անկախ սույն օրենքի 47-րդ և 48-րդ հոդվածներով նախատեսված անձ լինելու հանգամանքից:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց մասնակցությունը խաղերին արգելվում է քաղաքացու դիմումի հիման վրա` դիմումի ներկայացման հաջորդ օրվանից անորոշ ժամկետով:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դիմումը ներկայացնելու օրվանից ոչ շուտ, քան մեկ տարի հետո քաղաքացու դիմումի հիման վրա սույն հոդվածով նախատեսված արգելքը կարող է վերացվել դիմումում նշված օրվանից, իսկ օր նշված չլինելու դեպքում` արգելքը վերացնելու մասին դիմումի ներկայացմանը հաջորդող երրորդ աշխատանքային օրվանից: